ՌԴ-ն ու Թուրքիան վաղուց էին մտածում Սիրիայի քրդերին երկրի քաղաքական կյանքին ինտեգրելու գործընթացների մասին. հիմա դա սկսում է իրագործվել. Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց էին մտածում Սիրիայի քրդերին երկրի քաղաքական կյանքին ինտեգրելու գործընթացների մասին, և հիմա այդ գործընթացները սկսում են իրագործվել: Այս մասին թուրքական «Turkiye» թերթին և «TGRT» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից Սիրիայում սկսվել են գործընթացներ, որոնք մենք վաղուց մտածել էինք թուրք բարեկամների հետ։ Նկատի ունեմ քրդերի ներգրավումը քաղաքական կյանքում, քաղաքական և ուժային կառույցներում, սիրիական բանակում»։
Լավրովի խոսքով՝ չնայած բոլոր նրբություններին և մոտեցումների տարբերություններին, Սիրիայի հարցում Մոսկվան և Անկարան միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել:
«2019-2020 թվականներին տեղի ունեցած մի քանի գագաթնաժողովների արդյունքում ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ Սիրիայում քրդերի ծրագրերի մասով առկա կասկածների չեզոքացման վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերն արդեն միս ու արյուն են ստանում»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությունը և անցումային շրջանի կառավարությունը հունվարի 18-ին համաձայնության են եկել, որը նախատեսում է հրադադար և քրդական կազմավորումների ինտեգրում կառավարական ուժերում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնք ենթադրում են նաև Դեր Զոր և Ռաքքա նահանգների փոխանցումն ինքնավար քրդական վարչակազմից Սիրիայի կառավարությանը:


