հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՌԴ ԱԴԾ-ն քրգործ է հարուցել մի շարք հայտնի գործիչների նկատմամբ, որոնց թվում են Գարի Կասպարովը, Խոդորկովսկին, Կասյանովը և այլք

ՌԴ ԱԴԾ-ն քրգործ է հարուցել մի շարք հայտնի գործիչների նկատմամբ, որոնց թվում են Գարի Կասպարովը, Խոդորկովսկին, Կասյանովը և այլք

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը գործ է հարուցել Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ՝ իշխանության բռնի զավթման և ահաբեկչության մեղադրանքով, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մեղադրյալների թվում են նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Լեոնիդ Գոզմանը, Մաքսիմ Ռեզնիկը և Անաստասիա Շևչենկոն։

Ցուցակում են նաև Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը, գործարարներ Բորիս Զիմինը, Եվգենի Չիչվարկինը և Միխայիլ Կոկորիչը, քաղաքագետ Եկատերինա Շուլմանը, պատկերասրահի սեփականատեր Մարատ Գելմանը, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը, լրագրողներ Եվգենի Կիսելյովը և Կիրիլ Մարտինովը, փաստաբան Ելենա Լուկյանովան, դերասան Արթուր Սմոլյանինովը, գիտնական Կոնստանտին Չումակովը, կենսաբան Եվգենի Կունինը և այլ անձինք։

Ըստ ԱԴԾ-ի՝ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն վերոնշյալ անձանց կողմից ստեղծվել է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, որի նպատակը «իշխանության բռնի զավթումն է» և «սահմանադրական կարգի փոփոխությունը» Ռուսաստանում։

Ինչպես հաղորդվում է՝ մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

  • Կիսվել: