ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քաջություն ունեցավ վտանգելու իր կարիերան՝ այլ ապագայի հասնելու համար. Բայդենը ցավակցել է Գորբաչովի մահվան կապակցությամբ

Քաջություն ունեցավ վտանգելու իր կարիերան՝ այլ ապագայի հասնելու համար. Բայդենը ցավակցել է Գորբաչովի մահվան կապակցությամբ

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվագյուտ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկել իր կարիերան՝ հասնելու «այլ ապագայի»: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Խոսելով «գլասնոստի» և «պերեստրոյկայի» մասին՝ նա շեշտել է. «Սրանք հազվագյուտ առաջնորդի արարքներ էին. երևակայություն ունեցող մարդ, որը տեսնում էր այլ ապագայի հնարավորությունը և քաջություն ուներ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար:Արդյունքն ավելի ապահով աշխարհ էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև Գորբաչովին անվանել է «զարմանալի հեռատես մարդ»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ «միայն մի քանի խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխել»։

«Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ նվազեցնելու մեր երկրների միջուկային զինանոցները, հեշտացնելու կյանքը ամբողջ աշխարհի մարդկանց համար, որոնք աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ տալու համար:Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա որդեգրեց ժողովրդավարական բարեփոխումներ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա կարծում է, որ ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը «հավատացել է գլասնոստին և պերեստրոյկային ոչ միայն որպես լոզունգներ, այլև որպես առաջընթացի ճանապարհ»:

«Հեշտ է հասկանալ, թե ինչու է նա այդքան մեծ հարգանք վայելում ամբողջ աշխարհում շատ-շատերի շրջանում: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք շահել են ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատից»,- եզրափակել է Բայդենը:

Օգոստոսի 30-ին 91 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Գորբաչովը վեց տարի զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը։ Նա նոր կուրս է հռչակել 1985 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար նշանակվելուց գրեթե անմիջապես հետո, այնուհետև գլխավորեց ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, առաջարկեց սահմանել նախագահի պաշտոնը և չեղյալ համարել սահմանադրության՝ կուսակցության առաջատար դերի մասին հոդվածը։ Այդ պահին ռուսերեն «պերեստրոյկա» և «գլասնոստ» բառերը մտան աշխարհի շատ լեզուներ։ Գորբաչովը հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, այդ  ժամանակ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ:

  • Կիսվել: