Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը
Թուրքիան նախաձեռնություն է առաջ քաշել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն իսկապես բարձրացվել է մեր թուրք գործընկերների կողմից նախագահ [Վլադիմիր] Պուտինի և նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի վերջին շփումների ընթացքում՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ, և հետագայում այն արտացոլվել է համապատասխան դիվանագիտական նամակագրության մեջ։ Սև ծովով հացահատիկի մատակարարումների իրավիճակը զգալիորեն բարդանում է։ Պատճառն ուկրաինական կողմի գործողություններն են»։
Աղբյուրը հիշեցնում է, որ ամռանն Ուկրաինան հարձակվել էր Ազովի ծովում ռուսական նավերի, ինչպես նաև Սև ծովի ափին գտնվող հացահատիկի տերմինալների վրա։ Պուտինը, մեկնաբանելով հացահատիկ տեղափոխող բեռնատար նավերին ուկրաինական հարվածները, դրանց պատճառած վնասը գնահատել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով՝ միաժամանակ չբացառելով 3 միլիարդ դոլարի արժեքով ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական այլ արտադրանքի արտահանման հետ կապված «խնդրի առաջացումը»։
Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան ռուսական և ուկրաինական կողմերին առաջարկ է ներկայացրել՝ դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները։



