Պետդուման մշտական զորակոչի մասին օրենք է ընդունել
Ռուսաստանի Պետդուման այսօր հավանություն է տվել մշտական զորակոչի մասին օրինագծին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ պատգամավորները երրորդ՝ վերջնական, ընթերցմամբ պաշտպանել են այն փաստաթուղթը, որը նախատեսում է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն ամբողջ օրացուցային տարվա ընթացքում:
Նոր կանոնակարգը զինվորական կոմիսարիատներին թույլ է տալիս կազմակերպել զորակոչիկների մշտական բժշկական զննումներ, հոգեբանական ստուգումներ և զորակոչային կոմիտեի նիստեր։ Ծանուցագրերը կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում՝ ծառայության վայր ուղարկումը, ինչպես և նախկինում, կիրականացվի տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում պարբերաբար խստացվում են զորակոչի կանոնները. մասնավորապես, ստեղծվել է զինապարտների միասնական ռեեստր և ներդրվել են էլեկտրոնային ծանուցագրեր:


