ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պենտագոնը պատրաստ է Կիևին տրամադրելու Abrams տանկեր

Պենտագոնը պատրաստ է Կիևին տրամադրելու Abrams տանկեր

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են M1 Abrams տանկեր փոխանցել Ուկրաինային: Ըստ տարբեր աղբյուրների՝ դրանց թիվը 30-50 է:

Տարբեր են նաև դրանց տրամադրման ժամկետները: Ըստ The Washington Post-ի տվյալների՝ տանկերը «հավանաբար նախատեսված չեն առաջիկա մարտերի համար» և Ուկրաինայի տրամադրության տակ կլինեն ամիսներ, գուցե և մեկ տարի հետո:

Anadolu և Politico լրատվական գործակալություններն էլ, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, հայտնում են, որ տանկերը Կիև կուղարկեն այս շաբաթ։ Բոլորը վստահ են, որ այդ քայլը կդրդի Գերմանիային վերջապես Ուկրաինա գերմանական Leopard-2 տանկեր ուղարկելու որոշում կայացնել: Spiegel պարբերականի տվյալով՝ Բեռլինը նախատեսում է Կիևին տրամադրել 14 տանկ: Գերմանիան թույլատրել է Leopard-2 տանկեր ունեցող մյուս պետություններին զենքի այդ տեսակն ուղարկել Ուկրաինա: Նման պատրաստակամություն են հայտնել Նիդերլանդներն ու Լեհաստանը:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել այդ որոշման համար, բայց և նշել, որ 50, նույնիսկ 100 տանկը է քիչ է ռուսական հազարավոր տանկերի դեմ կռվելու համար: Ռազմական որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ արևմտյան տանկերը չեն կարողանա էապես փոխել ռազմական գործողությունների ընթացքը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովն էլ  Abrams-ի առաքումն Ուկրաինա անվանել է բացահայտ սադրանք Ռուսաստանի դեմ և զգուշացրել, որ Ուկրաինա տեղափոխված ՆԱՏՕ-ի զենքերի նման դրանք էլ կոչնչացվեն։

  • Կիսվել: