Պայթյուններ Իրանում. ինչ է հայտնի
Մի քանի րոպե առաջ Բանդար Աբբասի բնակիչները քաղաքի շրջակայքում պայթյունների նմանվող մի քանի ձայներ են լսել: Այս մասին տեղեկացնում է իրանական Pars Today-ը:
Ավելի ուշ Fars գործակալությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան պայթյունի ձայներ են լսվել Մինաբում, Բանդար Աբբասում և Բանդար Խամիրում։
Միևնույն ժամանակ, տեղական աղբյուրները հայտնել են, որ Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում 40 վայրկյան ընդմիջումով վեց պայթյուն է լսվել։
Ըստ տեղական աղբյուրների՝ նաև Քեշմ կղզում են տեղի ունեցել պայթյունների. 22:06-ին կղզու Բահման նավամատույցի 22-րդ կառանման տեղում հզոր պայթյուն է որոտացել, որից երկինքն ամբողջությամբ լուսավորվել է։
Fars գործակալության՝ Բանդար Աբբասում իրականացրած ստուգումը ցույց է տալիս, որ Իրանի զինված ուժերի և հակառակորդի միջև փոխհրաձգության ընթացքում հարվածի տակ են հայտնվել Քեշմ կղզու Բահման նավամատույցի առևտրային հատվածները։
Իր հերթին Tasnim-ը տեղեկացրել է, որ որոշ աղբյուրներ հայտնում են, որ Բանդար Աբբասում լսված պայթյունի մի քանի ձայները կապված են եղել երկու փոքր չափի անօդաչու թռչող սարքերի դեմ ՀՕՊ համակարգերի աշխատանքի հետ:
Մի շարք աղբյուրներ հայտնում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից թշնամական գործողությունների մասին, որոնք, ինչպես պնդվում է, հանդես են գալիս որպես «իսրայելական ռեժիմի գործիք»՝ Քեշմ կղզու Բահման նավամատույցի տարածքում:
Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Iranist տելեգրամյան ալիքն էլ գրել է, որ իսրայելական աղբյուրը պնդում է, որ Քեշմ կղզու «Բահման» նավամատույցը ռմբակոծել են Արաբական Միացյալ Էմիրությունների կործանիչները:
«Այսպիսով, ըստ աղբյուրի տվյալների, հենց Արաբական Միացյալ Էմիրություններն են հարված հասցրել Իրանին:
Թեհրանի պաշտոնական հայտարարություններում գործողությունը նույնպես որակվել է որպես «թշնամու հարձակում», սակայն պատասխանատուն ուղղակիորեն չի նշվել»,- նշում է ալիքը:
«Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները հարձակվում է Իրանի վրա:
«Մինչ այժմ բազմաթիվ հարվածներ են հասցվել Քեշմ և Սիրի կղզիներին:
Աղբյուրները հայտնում են, որ դա Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ գործողությունն է՝ ամերիկյան լոգիստիկ աջակցությամբ»,-գրել է Iranist-ը:


