հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պատասխան կլինի. Պուտինը` Ստարոբելսկի վրա Ուկրաինայի հարձակման մասին

Պատասխան կլինի. Պուտինը` Ստարոբելսկի վրա Ուկրաինայի հարձակման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին. նա ընդգծել է՝ ռուսական կողմից պատասխան կլինի։

«Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի առաջնորդը հայտնել է, որ լսել է ԼԺՀ-ի, պաշտպանության նախարարության, ԱԻՆ–ի, ԱԴԾ-ի ղեկավարների զեկույցները ողբերգության վերաբերյալ: Նրա տվյալներով՝ 6 մարդ զոհվել է, 15-ը անհետ կորած են համարվում։

Պուտինը հայտարարել է, որ Ստարոբելսկի քոլեջին հասցված հարվածը պատահական չէր, 16 անօդաչուներ 3 ալիքով գրոհել են միևնույն վայրը։
«Իհարկե, մենք կուսումնասիրենք մանրամասները։ Դրանք կուսումնասիրվեն, համապատասխան եզրակացություններ կարվեն», – ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը նաև կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին չկատարել Կիևի ռեժիմի հանցավոր հրամանները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը, ինքնաթիռատիպ 4 ԱԹՍ–ների օգնությամբ, Ստարոբելսկում հարձակվել էին Լուգանսկի պետական ​​մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին 5-հարկանի հանրակացարանում, որը փլուզվել է մինչև 2-րդ հարկը, 14-18 տարեկան 86 երեխա է եղել։ Այս պահին հայտնի է 40 տուժածների և 15 անհետ կորածների մասին։ Կան նաև զոհեր։ Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Վնասվել են մոտակա վարչական շենքերը, բնակելի շենքերը և սոցիալական օբյեկտները։

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, անդրադառնալով Լուգանսկի հանրակացարանի վրա Ուկրաինայի հարձակմանը, հայտարարել է, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, և կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։
 
«Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան։ Ինչպես բազմիցս ընդգծել է գլխավոր քարտուղարը, նման հարձակումները արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել արդեն իսկ վտանգավոր իրավիճակը»,-նշել է Դյուժարիկը:

  • Կիսվել: