չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պարսից ծոցում եւ Կարմիր ծովում Իրանի երկու ռազմանավ են նկատել. ԶԼՄ

Պարսից ծոցում եւ Կարմիր ծովում Իրանի երկու ռազմանավ են նկատել. ԶԼՄ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) պատկանող երկու ռազմանավ են նկատվել Պարսից ծոցում եւ Կարմիր ծովում՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, որը հաջորդել է Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հասցրած հարվածին։ Այս մասին տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում կատարելով արեւմտյան աղբյուրներին։

Հետախուզական ծառայությունները հետեւում են Պարսից ծոցում եւ Կարմիր ծովում հայտնված երկու նավերին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ այդ նավերից հնարավոր են թեւավոր հրթիռների եւ անօդաչուների արձակումներ։ Sky News Arabia-ն չի նշել, թե որ երկրների հետախուզությունների մասին է խոսքը։

ԻՀՊԿ հանրային կապերի վարչությունը ապրիլի 1-ին տեղեկացրել էր իրանցի յոթ զինվորական խորհրդականների զոհվելու մասին Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով, որը հասցվել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Գրոհի զոհ են դարձել ԻՀՊԿ երկու գեներալ եւ հինգ սպա։ Իսրայելը պաշտոնապես հայտարարություններ չի արել պատահածի պատասխանատվության մասին։ Իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին CNN հեռուստաալիքին տեղեկացրել է, որ Դամասկոսում հարվածի ենթարկվել է ոչ թե հյուպատոսությունը, այլ ԻՀՊԿ ռազմական օբյեկտը։

Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին խոստացել է, որ Իսրայելը կզղջա հարվածի համար, իսկ նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ գրոհն անպատասխան չի մնա։ Bloomberg գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կարծում են, որ Թեհրանի հարվածը Իսրայելում ռազմական եւ կառավարական օբյեկտնեին անխուսափելի է եւ, նրանց պնդմամբ, կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին գերճշգրիտ հրթիռների օգտագործմամբ։

  • Կիսվել: