Պանամայի ջրանցքը երաշտի պատճառով կկրճատի անցնող նավերի թիվը
Պանամայի ջրանցքը սեպտեմբերից կկրճատի այն նավերի թիվը, որոնք կկարողանան անցնել այս ռազմավարական ջրային ուղով, Էլ Նինյո եղանակային երևույթով պայմանավորված տեղումների պակասի պատճառով, հաղորդել է AFP-ն։
Սեպտեմբերի 3-ից ջրանցքով օրական անցնող նավերի թիվը ներկայիս 36-ից կնվազի մինչև 34, իսկ սեպտեմբերի 15-ից՝ մինչև 32, հայտնել է Պանամայի ջրանցքի վարչությունը։
Կենտրոնական Ամերիկայում Էլ Նինյոյի հետ կապված ամենաուժեղ երաշտն է սկսվել․ սա կլիմայական երևույթ է, որի ընթացքում Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտու կենտրոնական և արևելյան հատվածներում ջրի մակերևույթի ջերմաստիճանը բարձրանում է, ինչը հանգեցնում է քամիների, մթնոլորտային ճնշման և տեղումների ռեժիմի փոփոխությունների ամբողջ աշխարհում։
Պանամայի ջրանցքը ապահովում է համաշխարհային ծովային բեռնափոխադրումների մոտ 5 և ԱՄՆ կոնտեյներային փոխադրումների մոտ 40 տոկոսը։
Ջրային ուղին սնվում է անձրևաջրերով, որոնք կուտակվում են երկու արհեստական լճերում։ Սակայն ջրանցքի ավազանում տեղումների քանակը կանխատեսված մակարդակից պակաս է եղել, ուստի իշխանությունները ստիպված են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ջրային ռեսուրսների պահպանման և ջրանցքի երկարաժամկետ կայունության ապահովման համար։
Ավելի վաղ օպերատորն արդեն սահմանափակել էր նավերի առավելագույն նստվածքը՝ այն խորությունը, որով դրանք սուզվում են ջրի մեջ, ինչը հատկապես ազդում է ամենախոշոր նավերի վրա։
Էլ Նինյոն առաջանում է միջինը երկուսից յոթ տարին մեկ։ Մասնագետների գնահատմամբ՝ ներկա փուլը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղներից մեկը։
Երաշտի ֆոնին լուրջ խնդիրներ են ունենում նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Չորեքշաբթի Հոնդուրասի իշխանությունները երկրամասի շուրջ 80 տոկոսն ընդգրկող տարածքում երաշտի պատճառով հայտարարել են բարձր պատրաստականության ռեժիմ։



