շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այս մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։

Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։

«Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, դրոշը կխոնարհվի՝ ի նշան նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցողների հանդեպ հարգանքի և  ի նշան եղբայրական Իրանի հետ համերաշխության», - գրել է Շարիֆը:

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։

«Ես անհանգստությամբ հետևում էի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի մասին հաղորդագրությունների հետ կապված զարգացումներին: Լավ նորությունների հույս ունեի: Ավաղ, դա տեղի չունեցավ: Ես Պակիստանի կառավարության և ժողովրդի հետ միասին հայտնում եմ մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն Իրանի ժողովրդին այս սոսկալի կորստի կապակցությամբ»,- նշել է Շարիֆը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։

  • Կիսվել: