Պակիստանում գնահատել են Ռուսաստանի դերը Աֆղանստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
ՌԴ-ն այն երկրների թվում է, որոնք կարող են օգնել կարգավորել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության էսկալացիան դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Պակիստանի սենատի պաշտպանության կոմիտեի նախագահ Մուշահիդ Հուսեյնը։
«Կարևոր է տարբերակել Քաբուլի վարչակարգի անխոհեմ գործողությունները և Աֆղանստանի ճնշված ժողովրդին, որի հետ Պակիստանը կապված է պատմական խորը կապերով։ Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտությունը՝ իրավիճակը լիցքաթափելու համար»,- հայտարարել է Մուշահիդ Հուսեյնը։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցում կարող է օգնել Ռուսաստանը, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Քաթարը և Սաուդյան Արաբիան։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Աֆղանստանը ռազմական գործողություն է սկսել պակիստանցի զինվորականների դեմ Դյուրանդի գծի ողջ երկայնքով՝ ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից աֆղանական տարածքի ռմբակոծությունների։ Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ նույնպես կրակ է բացել, և հայտնել է աֆղանական կողմի մեծ կորուստների մասին։


