երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Պաղեստինում լրագրողների դեմ մեկ ամսում 108 հարձակում է իրականացվել

Պաղեստինում լրագրողների դեմ մեկ ամսում 108 հարձակում է իրականացվել

Պաղեստինյան լրագրողների արհմիությունը հայտնել է, որ նախորդ ամիս օկուպացված Արևմտյան ափին իսրայելական ուժերն ու վերաբնակիչները պաղեստինցի լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ իրականացրել են 108 հարձակում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Արհմիության՝ մամուլի ազատությունների հարցերով հանձնաժողովն օգոսստոսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ լրագրողների նկատմամբ կիրառվել են ձերբակալություններ, ծեծ, հարցաքննություններ, լրագրողական աշխատանքին խոչընդոտում, ինչպես նաև տեխնիկական միջոցների առգրավում կամ ոչնչացում։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ ձևավորվել է մի իրավիճակ, որը գնալով ավելի է դժվարացնում լրագրողների աշխատանքը՝ տեղում իսրայելական ռազմական գործողություններն ու վերաբնակիչների բռնությունները լուսաբանելու և փաստագրելու հարցում։

Ամենատարածված խախտումները եղել են կարճատև ձերբակալություններն ու լրագրողական աշխատանքին սահմանափակումները․ արձանագրվել է 58 նման դեպք։Հանձնաժողովը նաև փաստագրել է վերաբնակիչների կողմից լրագրողների նկատմամբ 11 հարձակում, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն և սպառնալիքներ։

Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողական խմբերը լուսաբանում էին վերաբնակիչների հարձակումներն ու իսրայելական ռազմական գործողությունները օկուպացված Արևմտյան ափի այլ հատվածներում։

Բացի այդ, արձանագրվել է 12 դեպք, երբ իսրայելական ուժերը լրագրողների ուղղությամբ կիրառել են լուսաձայնային նռնակներ կամ արցունքաբեր գազ, ինչի հետևանքով նրանցից ոմանք շնչահեղձության նշաններ են ունեցել։

Վեց լրագրող ծեծի է ենթարկվել, իսկ չորսը արյունահոսող վնասվածքներ են ստացել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս։Հանձնաժողովը գրանցել է նաև լրագրողների բնակարանների կամ լրատվամիջոցների գրասենյակների չորս խուզարկություն, այդ թվում՝ մեկ լրատվամիջոցի գործունեության դադարեցում։ Երեք դեպքում լրագրողական սարքավորումները առգրավվել կամ ոչնչացվել են, երկու դեպքում՝ տեսանյութեր ջնջվել, իսկ երկու լրագրող հեռացվել է Ալ-Աքսա մզկիթի հարակից տարածքից։

Արհմիությունը կոչ է արել լրագրողներին հնարավորություն տալ աշխատելու «առանց սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների» և պահանջել պատասխանատվության ենթարկել դրանց համար մեղավորներին։Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 270 լրագրող։

Al Jazeera-ն հաստատել է, որ 2023 թվականին Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում սպանվել է իր 12 լրագրող, ինչը, լրատվամիջոցի պնդմամբ, մեկ ԶԼՄ-ի դեպքում մահերի ամենամեծ թիվն է։

  • Կիսվել: