Օդեսայի նավահանգստում Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի 3 անդամ զոհվել է ռուսական հարվածից
Ուկրաինայի Օդեսայի մարզում հանքային պարարտանյութեր բեռնաթափելիս Ռուսաստանը հարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական առևտրային նավի։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է վերակառուցման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նա, մասնավորապես, նշել է. «Նավին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Դժբախտաբար, անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել»։
Կուլեբան հայտնել է, որ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
«Նման հարձակումները սպառնում են միջազգային նավագնացության անվտանգությանը, համաշխարհային առևտրի կայունությանը և համաշխարհային պարենային անվտանգությանը»,- գրել է նա։
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի առավոտյան հաղորդել է Չեռնոմորսկին, այդ թվում՝ երկու ծովային լաստանավերի և «ուկրաինական զինված ուժերի համար բեռ տեղափոխող» կոնտեյներային նավին հարվածների մասին։


