«Ոչ մի բանի չի ձգտում, հավակնություններ չունի». Պուտինը հանձնարարել է «պարզել» կադրային ծրագիրը անտեսող պաշտոնյաների հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իր աշխատակազմին զբաղվել այն պաշտոնյաներով, որոնք անտեսում են «Ապագայի տնտեսության կադրեր» ծրագիրը կամ դրան մասնակցում են ձևականորեն։ Այս մասին նա հայտարարել է Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Պուտինը խնդրել է աշխատակազմին վերլուծել ծրագրի հաճախելիությունը և միջոցներ ձեռնարկել այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերող մարդկանց նկատմամբ։
«Եթե մարդը չի գնում և իրեն ոչինչ չի հետաքրքրում, ուրեմն նա ոչ մի տեղ էլ չի ձգտում, հավակնություններ չունի»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա հավելել է, որ ծրագիրը ձևական չէ և օգնելու է մարզային ու ոլորտային կադրային պատասխանատուներին՝ հարմարվել տեխնոլոգիական նոր փոփոխություններին։
«Ապագայի տնտեսության կադրեր» ծրագիրը մեկնարկել է 2026 թվականի ամռանը՝ Պուտինի հանձնարարականով։ Դրա իրականացմանը մասնակցում են Ռուսաստանի կառավարությունը, Աշխատանքի նախարարությունը, «ՍբերՈւնիվերսիտետը», Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիան և «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը։



