ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Nordic Response» լայնամասշտաբ զորավարժությունները

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Nordic Response» լայնամասշտաբ զորավարժությունները

Նորվեգիայի հյուսիսում ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում դաշինքի տարածքի վրա հարձակումները հետ մղելու նպատակով։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Մարտի 7-ին մեկնարկած «Nordic Response 2024» («Հյուսիսային պատասխան») վարժանքներին, Գերմանիայի Բունդեսվերի տվյալներով, մասնակցում է շուրջ 1500 գերմանացի զինծառայող, այդ թվում՝ 700 լեռնային հրաձիգ:

Զորավարժությունների առաջին օրը զինվորները պետք է «հակահարձակում» իրականացնեն Նորվեգիայի Ալտա քաղաքի տարածքից (Ռուսաստանի հետ սահմանից շուրջ 500 կմ հեռավորության վրա)՝ դրանից հարավ գտնվող տարածքներն «ազատագրելու» համար, որոնք, ռազմավարժանքների սցենարով, արդեն «գրավված էին հակառակորդի կողմից»։

Նորվեգիայի տվյալներով՝ «Nordic Response 2024»-ին մոտավորապես 20 հազար զինվորական է մասնակցում 13 դաշնակից երկրներից, ներառյալ՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք որոշում են ընդունել դաշինքին միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո: Զորավարժություններին գործի է դրվել սպառազինությունների համակարգերի լայն շրջանակ, այդ թվում` 100 ինքնաթիռ և ռազմածովային ուժեր՝ ֆրեգատներով ու սուզանավերով:

  • Կիսվել: