Նեթանյահուն դիմել է իրանցիներին. ազատության պահը մոտ է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մամուլի ասուլիսում իրանցի ժողովրդին եբրայերենով հայտարարել է, որ «մոտենում է» այն «պահը», երբ նրանք ազատություն կստանան, հաղորդում է Times of Israel-ը։
«Ի լրումն ամերիկա-իսրայելական շարունակական ռմբակոծությունների միջոցով իրանական ռեժիմի հրթիռային և միջուկային կարողությունները ոչնչացնելու ձգտման, մենք աշխատում ենք մեկ այլ նպատակի հասնելու համար՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք իրանցի ժողովրդին հնարովորություն կտան տապալել դաժան, բռնակալ ռեժիմը, որը նրանց ճնշել է գրեթե հիսուն տարի։ Մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, նրանց բազաներին, նրանց փողոցային ուժերին, նրանց անցակետերին, և առջևում շատ ավելին է սպասվում։ Ես դիմում եմ իրանցի ժողովրդին. մոտենում է այն պահը, երբ դուք կարող եք սկսել ազատության նոր ուղի։ Այդ պահը մոտենում է։ Մենք ձեզ հետ ենք։ Մենք օգնում ենք ձեզ։ Սակայն, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է ձեզանից։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նա նմանատիպ հայտարարություններ է արել հինգ օր առաջ՝ տեսաուղերձում դիմելով Իրանի ժողովրդին՝ հայտարարելով, որ «ճշմարտության պահը մոտենում է»։ Նա նույն հայտարարությունն արել էր նաև երեքշաբթի օրը։
Նա կրկնել է իր հայտարարությունը, ըստ որի «Իրանի ռազմական նկրտումներն արագ արշավ էին պահանջում»։
«Եթե մենք անմիջապես չգործեինք, մի քանի ամսվա ընթացքում Իրանի մահացու արդյունաբերությունը կդառնար անխոցելի ցանկացած հարձակման համար։ Հետևաբար, մենք՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը, միավորվել ենք՝ շարունակելու այն, ինչ սկսել ենք, և կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը։ Կանխելու Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակումը, որոնք սպառնում են Իսրայելին, Միացյալ Նահանգներին և ամբողջ աշխարհին։ Դա է մեր նպատակը»,- ասել է նա։


