ՆԱՏՕ-ի գործողություններն ապակայունացնում են եվրոպական անվտանգությունը. Պատրուշև
Ռուսաստանին թշնամի հայտարարելու ՆԱՏՕ-ի որոշումը տանում է լարվածության սրման և Եվրոպայում անվտանգության ապակայունացման, հակասում Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ռուսաստանը, որը պաշտպանում է իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից թշնամի է հայտարարվել, ինչն արտացոլված է դոկտրինալ փաստաթղթերում, այդ թվում՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերում», – ասել է Պատրուշևը՝ երեքշաբթի Խաբարովսկում ելույթ ունենալով Հեռավոր Արևելքի ՌԴ ազգային անվտանգության ապահովման հարցերով հանդիպման ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն:
Նա հիշեցրել է, որ «Միացյալ Նահանգները և նրա արբանյակները հրաժարվել են Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության ոլորտում կառուցողական երկխոսությունից և լիովին անտեսել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջները»։
«ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, արևելյան թևում ակտիվորեն ընդլայնվում են ռազմական ուժերն ու միջոցները: Որոշումներ են ընդունվել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու վերաբերյալ: Ստեղծվել է նոր ռազմական բլոկ՝ AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ-խմբ.)»,-նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա հայտնել է, որ որքան էլ Արևմուտքը զենք մատակարարի Ուկրաինային, միևնույն է, այնտեղ անցկացվող հատուկ օպերացիայի նպատակներն իրագործվելու են: