հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային»

Նարիշկինը ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի հետ հանդիպումը որակել է «աշխատանքային»

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հանդիպել է օրերս Մոսկվա մեկնած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆի հետ:

Կողմերը քննարկել են հետախուզական ծառայությունների իրավասության հարցեր: Նարիշկինը ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է «աշխատանքային»՝ չմանրամասնելով՝ ինչ թեմաների են անդրադարձել։

«Որևէ անսովոր բան տեղի չի ունեցել։ Նման տեսակի շփումը մեր աշխատանքի մասն է»,- նշել է ռուս պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստան Ռետկլիֆի այցը ինչ-որ չափով առօրեական էր։ Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը չի բացառել, որ այն «կարող է որոշակի արդյունքներ տալ»։ Նա հավելել է՝ շատ են ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմը դադարի:

Wall Street Journal-ը և Politico-ն գրում են, որ հետախուզական ծառայությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում ընդգծվել է հատկապես Բալթյան երկրների դեմ էսկալացիայի անթույլատրելիությունը, նաև ամերիկյան կողմը հերթական անգամ շեշտել է Իրանին ռազմական և տնտեսական աջակցությունը դադարեցնելու կարևորությունը։

  • Կիսվել: