հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային-հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Անհրաժեշտ ենք համարում մոտ ժամանակներս վերսկսել լիարժեք համագործակցությունը մշակութային-հումանիտար ոլորտում ստեղծված դադարից հետո: Այստեղ կան մի ամբողջ շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են, այդ թվում նաև՝ ամենաբարձր մակարդակով», - դիվանագետի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

«Սպասում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շտապ ազատ արձակմանը: Մշտական ​​կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների և փաստաբանների հետ և շարունակում ենք  երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ», - եզրափակել է Զախարովան:

Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։

 

  • Կիսվել: