ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոլդովան չեզոք կլինի՝ չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Մոլդովան չեզոք կլինի՝ չի միանա հակառուսական պատժամիջոցներին

Մոլդովան պատրաստվում է չեզոքություն պահպանել և պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն Radio Europa Liberă-ին տված հարցազրույցում։

Ինչպես պարզաբանել է Մայա Սանդուն, այս կերպ պետությունը կարող է մնալ առանց ռուսական գազի և էլեկտրաէներգիայի։

«Կարո՞ղ ենք այսօր երկիրը թողել առանց բնական գազի և առանց էլեկտրականության, ո՛չ, չենք կարող, ո՛չ հանուն մեր քաղաքացիների, ո՛չ էլ հանուն Ուկրաինայի 100 հազար փախստականների, որոնցից 50 հազարը երեխաներ են»,- ասել է Մոլդովայի նախագահը։ 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոլդովան «վայելում է իր արևմտյան գործընկերների լիակատար աջակցությունը», և նրանք «կփորձեն օգնել Քիշնևին էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ գտնել»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: