երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին և ակտիվիստներին

Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին և ակտիվիստներին

Ադրբեջանում լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների ուժգնացումը խոր մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ վկայակոչելով ձերբակալությունները, կալանավորումները և դատական գործընթացները, որոնք ուղղված են երկրում խոսքի ազատության սահմանափակմանը:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումները անկախ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների նկատմամբ, որոնք օրինական կերպով իրականացրել են իրենց աշխատանքը կամ կառավարության նկատմամբ արտահայտել այլ կարծիք կամ քննադատական հայացքներ»,- նշել է պաշտոնյան։

Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու համար:

«Դրա համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց օրինական գործունեության կամ այլախոհ կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար: Պետք է նաև բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների գործունեության համար, այդ թվում՝ նրանց կողմից արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման համար»,- նշել է Միյատովիչը:

  • Կիսվել: