Իրանի և ԱՄՆ-ի միջև որպես միջնորդ հանդես եկող երկրներն առաջարկել են 10-օրյա հրադադարի ռեժիմ սահմանել՝ ժամանակավոր համաձայնագրի վերականգնման ուղիները քննարկելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Նշվում է, որ, ըստ աղբյուրների, «միջնորդները Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի հետ պատերազմի դեէսկալացիայի առաջարկը, որը նախատեսում է 10-օրյա կրակի դադարեցում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական ալիքը սկսվել է հուլիսի 8-ին, երբ Միացյալ Նահանգները, Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր, առաջին անգամ հարվածներ է հասցրել իրանական տարածքին։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ հարձակումը պատասխան է եղել Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հասցված հարվածին։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։

Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ողջ տարածքում, այդ թվում՝ Բահրեյնի, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի և Իորդանիայի տարածքներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։