Միջին միջանցքի զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն Բաքվի հետ հարաբերությունները. Վրաստանի ԱԳ նախարար
Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, տեղեկացնում է Գռուզիա-օնլայնը:
Նա նշել է, որ այդ հարաբերությունները հատկապես կարևոր են մեր տարածաշրջանը որպես «Միջին միջանցք» զարգացնելու հեռանկարի տեսանկյունից:
Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, որ այդ համատեքստում այսօր իսկապես կարևոր համաձայնագրեր են ստորագրվել։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է լիարժեքորեն օգտագործել իր տարանցիկ ներուժը։
«Տարանցիկ ներուժի հետ կապված թեմաներից զատ, կարևոր էր նաև երկու երկրների միջև ուղևորատար գնացքների շարժը վերականգնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի որոշումը։ Դա կարևոր է ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Ադրբեջանի համար։ Այդ որոշումը զգալիորեն կնպաստի ժողովուրդների միջև հարաբերություններին։
Վրաստանի տարանցիկ ներուժը հետաքրքիր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների, այլև այլ պետությունների համար։ Աֆրիկյան մայրցամաքում առկա ներուժը ևս աճում է, և կարևոր է, որ մենք նույնպես այն ճիշտ օգտագործենք։ Այդ համատեքստում, իհարկե, լավ հնարավորություն էր Քենիայի նախագահի հետ հանդիպումը»,-ասել է Բոճորիշվիլին։


