Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ՌՕՈՒ բազայի մոտ արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Անգլիայի Գլոստերշիր կոմսության Ուելֆորդ գյուղում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, մի քանի տների բնակիչներին տարհանում են։ Բնակավայրը գտնվում է RAF Fairford ավիաբազայի մոտ, որն օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, հայտնում է BBC News-ը։
Գլոստերշիրի ոստիկանությունը հայտնել է, որ տարհանված բնակիչներին տեղափոխել են տեղական ժամանցի կենտրոն։ Տարածքում սահմանվել է շրջափակում, իսկ իրավապահները կարծում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։
Արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառը մի քանի տղամարդկանց ձերբակալությունն էր՝ պայթուցիկ նյութերի մասին օրենքի (Explosives Act) խախտումների կասկածանքով։
Դեպքի վայր է ուղարկվել բրիտանական բանակի պայթյունավտանգ առարկաների վնասազերծման մասնագիտացված խումբը։ Զինվորականներն այժմ զննում են մի քանի ավտոմեքենա։
«Ուելֆորդի շրջանում գտնվող մի քանի անշարժ գույքի օբյեկտներ ներկայումս տարհանվում են խոշոր արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի տղամարդ ձերբակալվել են՝ պայթուցիկ նյութերի մասին օրենքի համաձայն իրավախախտումների կասկածանքով», — ասվում է Գլոստերշիրի ոստիկանության հայտարարության մեջ։
Իրավապահներն ընդգծել են, որ աշխատում են մյուս արտակարգ ծառայությունների հետ համատեղ և գործի են դրել նման իրավիճակների համար նախապես պատրաստված արձագանքման ծրագրերը։
Տարածքում գտնվում են արտակարգ ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում՝ բարձր վտանգավորությամբ միջադեպերին արձագանքող բժշկական ծառայության մասնագետներ (Hazardous Area Response Team)։
Ոստիկանությունն առայժմ չի բացահայտում հետաքննության մանրամասները, այդ թվում՝ հնարավոր սպառնալիքի բնույթն ու ձերբակալությունների հանգամանքները։ Զինվորականները շարունակում են ստուգել ավտոմեքենաները, իսկ տարածքի շրջափակումը պահպանվում է։
RAF Fairford-ը գործող բրիտանական ավիաբազա է, որն օգտագործվում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից և պարբերաբար ընդունում է ամերիկյան ռազմական ինքնաթիռներ։



