հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 40 երկրների մասնակցությամբ հանդիպում են նախատեսում՝ Հորմուզի նեղուցի ռազմական ապահովման ծրագրի վերաբերյալ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 40 երկրների մասնակցությամբ հանդիպում են նախատեսում՝ Հորմուզի նեղուցի ռազմական ապահովման ծրագրի վերաբերյալ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կանցկացնեն պաշտպանության նախարարների բազմազգ հանդիպում՝ 40 երկրների մասնակցությամբ, որպեսզի քննարկեն ռազմական ծրագրերը՝ ուղղված Հորմուզի նեղուցով առևտրային հոսքերի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ խորհրդակցությունը տեղի կունենա վաղը, և այն համատեղ կնախագահեն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Ջոն Հիլին և Կատրին Վոտրենը։

«Մեր խնդիրն է համոզվել, որ մենք ոչ միայն խոսում ենք, այլև պատրաստ ենք գործել», - հայտարարել է Հիլին և հավելել, որ բրիտանական HMS Dragon էսկադրային ականակիրն ուղարկել է Մերձավոր Արևելք, որպեսզի Միացյալ Թագավորությունը պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում աջակցել առաքելությանը։

«Այս կառավարությունը ձեռքերը ծալած չի նստի, երբ անկայունությունը բարձրացնում է ծախսերը բրիտանական ընտանիքների և բիզնեսի համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Իրանը կիրակի օրը սպառնացել է հարձակվել բրիտանական և ֆրանսիական ռազմական նավերի վրա Հորմուզի նեղուցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի ուշ պարզաբանել է, որ Ֆրանսիան «երբեք չի դիտարկել» ռազմածովային առաքելության տեղակայումը մարտական իմաստով։ Ըստ նրա՝ խոսքը անվտանգության ապահովման առաքելության մասին է, որը պետք է իրականացվի Իրանի հետ համակարգմամբ։

Մեծ Բրիտանիան էլ արդեն հայտարարել է տարածաշրջանում HMS Dragon-ի տեղակայման մասին, որպեսզի նավը կարողանա մասնակցել բազմազգ առաքելությանը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ավարտից հետո, եթե պայմանները թույլ տան։

  • Կիսվել: