ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Մետրոպոլիտեն օպերան» չեղարկել է Աննա Նետրեբկոյի ելույթները Նյու Յորքում

«Մետրոպոլիտեն օպերան» չեղարկել է Աննա Նետրեբկոյի ելույթները Նյու Յորքում

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Նյու Յորքում չեղարկվել է ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ելույթների շարքը։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Մետրոպոլիտեն օպերայի» մամուլի ծառայությանը։

«Սոպրանո Աննա Նետրեբկոյին զրկել են ապրիլին Պուչինիի «Տուրանդոտ», մայիսին Վերդիի «Դոն Կառլոս» օպերաներում երգելու հնարավորությունից»,- ասել է մշակութային հաստատության գլխավոր տնօրեն Փիթեր Գելբը և հավելել, որ «Տուրանդոտում» Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինացի երգչուհի Լյուդմիլա Մոնաստիրսկայան։

Թատրոնի տնօրենն ընդգծել է, որ Նետրեբկոն չի ենթարկվել «Վլադիմիր Պուտինին հրապարակորեն աջակցելուց հրաժարվելու» պահանջին: Գելբը միաժամանակ խոստովանել է, որ Նետրեբկոյի ելույթների չեղարկումը «մեծ կորուստ է «Մետրոպոլիտեն օպերայի» համար»:

Երեքշաբթի՝ մարտի 1-ին, հայտնի դարձավ, որ Բավարիայի պետական ​​օպերան կդադարեցնի աշխատանքը օպերային երգչուհի Նետրեբկոյի և դիրիժոր Վալերի Գերգիևի հետ, Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները չքննադատելու համար: Նույն պատճառով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը խզել է պայմանագիրը Գերգիևի հետ։

  • Կիսվել: