հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բուլղարիան, Հունաստանը և Թուրքիան քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Բուլղարիան, Հունաստանը և Թուրքիան քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները սահմանային անվտանգության հարցեր են քննարկել։ Բուլղարիայի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար Էմիլ Դեչևը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են անօրինական միգրացիան, թմրանյութերի և զենքի մաքսանենգությունը, ինչպես նաև այդ հանցավոր ցանցերի հնարավոր կապերը Եվրոպա ներթափանցող ահաբեկչական խմբերի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարը նշել է, որ դրական միտում է նկատվում՝ սահմանները հատող անօրինական միգրանտների թվի նվազման առումով։ Նա նաև ընդգծել է, որ Հունաստանը աջակցություն է ցուցաբերել Բուլղարիային՝ ուժեր ուղարկելով Բուլղարիա–Թուրքիա սահման հատվածում, իսկ Բուլղարիան իր հերթին նավ է տրամադրել սահմանային հսկողության համար։

Թուրքիայի հետ համագործակցությունը գնահատվել է որպես բարձր մակարդակի համագործակցություն և հայտարարվել է, որ թուրք ներկայացուցիչները նույնպես կհրավիրվեն սահմանապահների մասնագիտական պատրաստվածության բարձրացման սեմինարի։

Պաշտոնյաները նաև նշել են, որ Շենգեն գոտուն Բուլղարիայի միանալուց հետո Բուլղարիա–Հունաստան սահմանին խնդիրներ չեն արձանագրվել, ինչը գնահատվել է որպես դրական զարգացում տարածաշրջանային համագործակցության համար։

 

  • Կիսվել: