ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու դիմումի քննարկման գործընթացը

Մեկնարկել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու դիմումի քննարկման գործընթացը

Մալթան, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է ապրիլին, սկսել է Պաղեստինի՝ համաշխարհային կազմակերպության ընդունվելու դիմումի քննարկման գործընթացը։

Դրա մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը՝ ընդգծելով, թե հույս ունեն, որ երկիրը 2024 թվականին կդառնա համաշխարհային կազմակերպության մշտական անդամ։

 

«Մեզ համար շատ կարևոր է ընդունվել որպես ՄԱԿ-ի 194-րդ անդամ-երկիր, հուսով եմ, որ դա տեղի կունենա այս տարի»,- շեշտել է նա։

Մանսուրը նշել է, որ Պաղեստինի՝ ՄԱԿ-ի մշտական անդամ դառնալու ցանկությանը սատարում է համաշխարհային կազմակերպության երկրների մեծ մասը, մասնավորապես, Պաղեստին պետության հայտին աջակցել են Արաբական պետությունների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և ՄԱԿ-ում արաբական երկրների խումբը:

Դիվանագետը նշել է, որ Պաղեստինն արդեն որպես պետություն ճանաչած ավելի քան 140 երկրների ցանկ է կցվել ՄԱԿ-ին անդամակցելու դիմումին։

Փետրվարի վերջին Մանսուրը հայտարարեց, որ Պաղեստինը, արաբական երկրների աջակցությամբ, մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկիրը համաշխարհային կազմակերպության մշտական անդամ ընդունելու գործընթաց սկսելու համար։

Պաղեստինն այժմ ՄԱԿ-ում մշտական դիտորդ ունի։ Այս կարգավիճակով երկրները կարող են մասնակցել հանդիպումների մեծ մասին և հասանելիություն ունենալ գրեթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին, սակայն չունեն ձայնի իրավունք:

Բացի Պաղեստինից, ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի միայն Սուրբ Աթոռը (Վատիկանը):

  • Կիսվել: