Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիների որոնումն է
Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ հանդիպման ընթացքում աշխատելու են խաղաղությունն ավելի մոտ դարձնելու ուղղությամբ։
ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակութան ղեկավար Վլադիմիր Մեդինսկին եռակողմ հանդիպման բացման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին հյուրընկալության համար և ԱՄՆ-ին՝ խաղաղարար ջանքերի համար։
«Հուսով ենք, որ այսօրվա հանդիպումը՝ ներկայացուցչական կազմով, հաշվի առնելով, որ մեր պատվիրակությունն ընդլայնվել է և դարձել ավելի պրոֆեսիոնալ, թույլ կտա մեզ առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն՝ ի շահ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների», - հավելել է նա։
Իսկ ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է օրակարգի հարցերի մասին։
«Անցել ենք բանակցությունների եռակողմ ձևաչափին՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան։ Օրակարգում են ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հասնելու առանցքային հարցերը», - Telegram-ի իր ալիքում գրել է նա։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն իր հերթին հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունները «շատ արդյունավետ» կլինեն։
ՏԱՍՍ-ի թղթակիցն էլ հաղորդում է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը, որը նույնպես Աբու Դաբիում է, «կայուն խաղաղությունը մոտեցնելու» հույս է հայտնել։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները երեքշաբթի մեկնարկել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում և կտևեն երկու օր։



