ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մալիում զինված խմբավորումները գրավել են բանակի գլխավոր շտաբի մի շարք ռազմական օբյեկտներ

Մալիում զինված խմբավորումները գրավել են բանակի գլխավոր շտաբի մի շարք ռազմական օբյեկտներ

Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայանի մոտակայքում կրակոցներ են հնչել, թռիչքները դադարեցվել են, տեղեկացնում է France-Presse-ը:

Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ պայթյուններ ու կրակոցներ են լսվել Կատի գլխավոր ռազմաբազայի մոտ, որը գտնվում է Բամակոյից ոչ հեռու:

Մալիի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյում։

AP-ի թղթակիցը հաստատել է, որ կրակոցներ են հնչել ինչպես Բամակոյի միջազգային օդանավակայանի շրջանում, այնպես էլ Կատի քաղաքում: Կրակոցներ են հնչել նաև հյուսիսում գտնվող Գաո քաղաքում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում գտնվող Սևարա քաղաքում։

Աղբյուրները հայտնում են, որ հակակառավարական ուժերի հաջողությունների մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։ Սոցցանցերում գրում են Մալիի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումար Դիարայի մահվան մասին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Նշենք, որ Մալին ավելի քան 10 տարի պայքարում է ջիհադական խմբավորումների դեմ։ 2012–ին տուարեգները ապստամբեցին, որից հետո 2014-ին իշխանությունները և տուարեգների մի շարք շարժումներ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, իսկ 2015-ին՝ խաղաղության համաձայնագիր: Այդուհանդերձ, երկրում տիրող անկայունությունը հանգեցրել է արմատական իսլամիստական խմբավորումների ուժեղացման:

  • Կիսվել: