ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հերքել է Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Արևմուտքի ծրագրերը
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ նրա դաշնակիցները մտադիր չեն Ուկրաինային միջուկային զենք տրամադրել։
«Նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ․) պնդում էր, որ Ուկրաինան փորձում է միջուկային զենք ստանալ Արևմուտքից:
Ուկրաինան աշխարհի չորս երկրներից մեկն է, որոնք կամավոր հրաժարվել են միջուկային զենքից: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ մեր դաշնակիցները Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու մտադրություն չունեն, Ուկրաինան նույնպես դա չի ցանկանում»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հրահրված չի եղել։ «Սա հարձակում է Ուկրաինայի կարգավիճակի վրա՝ որպես ՄԱԿ-ի անդամ, դա հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին»,- ասել է նա։
Նրա տեսանկյունից՝ Ռուսաստանի որոշումները «պատրվակ են ստեղծում Ուկրաինա հետագա ներխուժման համար»։ «Այսօր նախագահ Պուտինը մասերի բաժանեց մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նշել է, որ այսօր նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ պատժամիջոցների մասին, իսկ վաղը ԱՄՆ-ը կպատասխանի Դոնբասի հանրապետության վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը։ «Ուկրաինայի վրա հարձակումը՝ հարձակում է ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկրի ինքնիշխանության վրա:
Մենք շարունակում ենք հավատալ, որ բանակցությունները տարաձայնությունները լուծելու և խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհն է»,- եզրափակել է Թոմաս-Գրինֆիլդը:
Հիշեցնենք, նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին և ՌԴ զինված ուժերին հանձնարարել էր կատարել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության հաստատման գործառույթներ: