հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայել-Լիբանան հրադադարը և կոչ արել պահպանել այն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայել-Լիբանան հրադադարը և կոչ արել պահպանել այն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին դրան նպաստելու համար։ Փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Հուսով եմ, որ սա ճանապարհ կհարթի հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ բանակցությունների համար և կնպաստի տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքերին», - հավելել է նա։

Գուտերեշը նաև կոչ է արել բոլոր կողմերին հարգել հրադադարը և «մշտապես պահպանել միջազգային իրավունքը»։

Իսրայելի և Լիբանանի մեջ 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում։ Ըստ The Associated Press-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի ընթացքում օկուպացումը կշարունակվի։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական օկուպացման շարունակումը Լիբանանին դիմակայելու իրավունք է տալիս։

 

  • Կիսվել: