չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի առնչությամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի առնչությամբ

 Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ռուսաստանի խնդրանքով տեղի կունենա ապրիլի 2-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հետևելով իրանցիների նամակին`մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ խնդրեցինք: Մալթայի նախագահությունն այն նշանակել է ապրիլի 2-ին՝ Նյու Յորքի ժամանակով 15:00-ին», - գրել է նա իր Telegram ալիքում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը նամակ է հասցեագրել կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ նշելով, որ այդ հարձակումները «ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ​​ու հյուպատոսական շինությունների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում են»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի հյուպատոսությանը հարվածն «անպատասխան չի մնա»։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարվածը որակել է որպես «միջազգային  պարտավորությունների և կոնվենցիաների խախտում»։

Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը, Օմանը, Կուբան, Պակիստանը։

  • Կիսվել: