ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Մերձավոր Արեւելքի վերաբերյալ Ռուսաստանի բանաձեւի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից փաստաթղթին կողմ է քվեարկել 4, դեմ՝ 2 (Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), 9-ը ձեռնպահ են մնացել։ Բանաձևը համարվում է ընդունված, եթե կողմ քվեարկեն խորհրդի 9 անդամներ և ոչ մի պետություն դրա վրա վետո չդնի։ Սա արդեն երկրորդ ռուսական բանաձեւի նախագիծն է, այն ներառում է ինչպես բրազիլական, այնպես էլ ամերիկյան փաստաթղթերի տարրեր, այդ թվում՝ բրազիլական տարբերակում առաջարկված ռուսական խմբագրումներ։
Տեքստը, մասնավորապես, դատապարտում է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումները Իսրայելի վրա, կոչ է անում անհապաղ հրադադարի, հումանիտար միջանցքների ստեղծման, բոլոր պատանդների ազատ արձակման, ինչպես նաև առաջարկվում է չեղարկել Իսրայելի հրամանը՝ տարհանելու բնակիչներին Գազայի հատվածից հարավ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Մոսկվան պատճառ չի տեսնում, որ Անվտանգության խորհրդի անդամները չկարողանան «կանաչ լույս վառել» ռուսական նախագծի վրա։