կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լոնդոնի կենտրոնում ֆերմերների հանրահավաք է անցկացվել

Լոնդոնի կենտրոնում ֆերմերների հանրահավաք է անցկացվել

Մեծ Բրիտանիայի ֆերմերները Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիաներ են անցկացրել  ընդդեմ գյուղատնտեսական արտադրանքի էժան ներմուծման։ Նրանք  ավելի քան 150 միավոր գյուղտեխնիկա են տեղակայել բրիտանական մայրաքաղաքի փողոցներում: Այդ մասին հաղորդում է Telegraph պարբերականը։

Ցուցարարները հավաքվել են Լոնդոնի պատմական Վեսթմինսթեր շրջանում։ Նրանց դժգոհության պատճառը երկիր ներմուծվող գյուղմթերքի էժան գներն են, որն «աղետալի ազդեցություն» է ունենում տեղական բիզնեսի վրա։

Հրատարակությունը նշում է, որ բրիտանացի ֆերմերները փորձել են հետևել ֆրանսիացի ֆերմերների օրինակին, որոնց ցույցերը վերջին շաբաթներին կաթվածահար էին արել Փարիզը։ Այնուամենայնիվ, գյուղտեխնիկան Լոնդոն է ժամանել երեկոյան՝ առանց ոստիկանության պահանջները խախտելու։ Բացի այդ, ֆերմերները չեն փորձել ճանապարհները փակել չոր խոտի կապերով։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Բրիտանիայի իշխանությունները տեղական գյուղացիական տնտեսություններին աջակցելու փոխարեն խրախուսում են էժան գյուղմթերքների ներկրումը, որոնք ստեղծվել են քիմիական նյութերի կիրառմամբ և երկրում արգելված մեթոդներով, ինչի պատճառով էլ ֆերմերները զրկվում են շահույթից։

«Նրանք (իշխանությունները) ցանկանում են, որ մենք դառնանք ցածր ածխածնային տնտեսություն և համապատասխանենք իրենց «կանաչ» նպատակներին, բայց նրանք դրան հասնում են ածխածնային արտադրությունն այլ երկրներ տեղափոխելու հաշվին: Դա պարզապես ռեալ չէ», - Telegraph-ը մեջբերում է ֆերմերներից մեկի խոսքը։

Վերջին շաբաթներին ֆերմերների ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում և եվրոպական բազմաթիվ այլ երկրներում։

  • Կիսվել: