ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լիտվայի եւ Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

Լիտվայի եւ Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ

Եվրամիությունը պետք է ուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուղղված նրա եկամտաբեր էներգետիկ ոլորտին, հայտարարել են Լիտվայի եւ Իռլանդիայի արտգործնախարարները՝ Մոսկվայի դեմ հետագա քայլերի շուրջ ինտենսիվ դիվանագիտական բանակցությունների շաբաթվա սկզբում:

Եվրամիությունը եւ նրա արեւմտյան դաշնակիցներն արդեն մի շարք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ սառեցնելով նրա կենտրոնական բանկի ակտիվները:

«Տեսնելով Ուկրաինայի ավերածությունների չափը, շատ դժվար է ապացուցել, որ մենք չպետք է միջամտենք էներգետիկ, հատկապես նավթի եւ ածխի ոլորտին»,- հանդիպումից առաջ ասել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Կովենին:

Դիվանագետները Reuters-ին ասել են, որ Բալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են էմբարգոն՝ որպես հաջորդ տրամաբանական քայլ, իսկ Գերմանիան, որը մեծապես կախված է ռուսական գազից, համաձայն չէ շատ արագ գործողությունների՝ Եվրոպայում էներգակիրների առանց այդ էլ բարձր գների պատճառով:

«Մենք անխուսափելիորեն սկսում ենք խոսել էներգետիկայի մասին, եւ մենք միանշանակ կարող ենք խոսել նավթի մասին, քանի որ դա Ռուսաստանի բյուջեի ամենամեծ եկամուտն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Սա ավելի ակնհայտ է դարձնում, որ ԵՄ-ն՝ մի աշխարհ, որը հավատում է կանոնների վրա հիմնված կարգին, պետք է մեկուսացնի այդ ռեժիմը»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ ժամանելով ԵՄ հանդիպմանը: Բայց նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչը կարող է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների պատճառ դառնալ:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն առանձին հանդիպման ժամանակ ասել է, որ ԵՄ-ն առաջվա պես կախված է ռուսական նավթից ու գազից եւ չի կարող մինչեւ վաղը հրաժարվել դրանից՝ հասկացնելով, որ ԵՄ գործողություններն այս փուլում սահմանափակ են:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ժամանում է Բրյուսել՝ բանակցություններ վարելու ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի 30 անդամների հետ եւ G7-ի ձեւաչափով, ներառյալ Ճապոնիան՝ Մոսկվային ուղղված Արեւմուտքի արձագանքը խստացնելու նպատակով։

Պատժամիջոցների հինգերորդ փուլը կներառի ԵՄ «սեւ ցուցակում» ավելի շատ անունների ավելացում, ընդ որում Ֆրանսիան ասում է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը ավելի վատթարանա, պատժամիջոցների առումով որեւէ «տաբու» չպետք է լինի, հայտարարել են պաշտոնատար անձինք:

  • Կիսվել: