հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հունիսի 4-ին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը կարող է ուժի մեջ մտնել բոլոր շահագրգիռ կողմերի կողմից դրա հաստատումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք սպասում ենք հրադադարի ներգրավված բոլոր կողմերի արձագանքներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Աունը նաև ընդգծել է, որ բանակցությունները դժվար են ընթացել և լիբանանյան պատվիրակության ղեկավարը մի պահ դադարեցրել է մասնակցությունը՝ Իսրայելի չզիջողականության պատճառով։ Նա հավելել է, որ բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջամտությունից հետո։

Աունը շեշտել է, որ համաձայնագիրը «վերջին հնարավորությունն է»՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում յուրաքանչյուր կողմ կկրի իր պատասխանատվությունը։

«Համաձայնագիրը կայուն կլինի, մենք հույս ենք դնում նախագահ Թրամփի գործոնի վրա»,- նշել է նախագահ Ջոզեֆ Աունը։

Թեպետ ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 3-ին հայտարարվել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատման մասին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները լիբանանյան տարածքում։

 

  • Կիսվել: