շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ. Մեդվեդև

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդեւը Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում: Այս մասին նա հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանելով Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Մեդվեդեւը նշել է, որ նա շատ կարեւոր գործընկեր է Ռուսաստանի համար, շատ մոտ է Ադրբեջանին, եւ «այդ գործոնը հաշվի չառնել հնարավոր չէ»:

«Մենք նրանց հետ արդյունավետ երկխոսություն ունենք. մեր երկրի նախագահը մշտապես շփվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ թեմայով»,- շեշտել է Մեդվեդեւը:

Նա հավելել է, որ «սա վիթխարի աշխատանք էր, ինչի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է մեծապես շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ «որոշում էր կայացվել գործերի ընդհանուր վիճակի նկատմամբ հատուկ հսկիչ կենտրոն ստեղծելու մասին, որին մասնակցում են թուրք ծառայողներ եւ ռուսներ, եւ դա եւս ընդհանուր կայունացման տարր է»:

«Բայց ես դա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ այստեղ կառուցել կոնսպիրոլոգիական տեսություններից մեկը։ Պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ», - հայտարարել է Մեդվեդևը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: