երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղազախստանի իրավիճակը և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղազախստանի իրավիճակը և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը

 Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի առաջիկա նիստը։ Տեղեկությունը հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
 
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակը Բոսնիա և Հերցեգովինայում ու Կովկասում», – նշվում է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
 
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։

  • Կիսվել: