չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների ներկրման արգելքը, տեղեկացնում է Euronews-ը՝ մանրամասնելով, որ այդ ապրանքների թվում են գրքեր, խաղալիքներ, հագուստ և այլն:

Նշվում է, որ Բալթյան երկրի խորհրդարանը՝ Սեյմասը, համապատասխան որոշումը հաստատել էր դեռ հուլիսին։

«Լատվիայի հասարակության անվտանգությունն ապահովելու և Ուկրաինայի հասարակությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից Լատվիայի Հանրապետություն որոշակի արդյունաբերական ապրանքների ներկրումը»,- նշված է «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։

Լատվիայի խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսն էլ իր հերթին նշել է. «Այս փոփոխությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ տնտեսական կապերի համակարգված կրճատման ևս մեկ գործիք են՝ միաժամանակ պահպանելով Ուկրաինայի հանդեպ մեր անսասան աջակցությունը՝ հանուն նրա ազատության և անկախության մղվող պայքարում»:

  • Կիսվել: