Կշարունակենք աջակցել Ուկրաինային, մինչև ՌԴ նախագահը չփոխի իր դիրքորոշումը. Գերմանիայի կանցլեր
Այս պատերազմի ավարտը կախված է բացառապես Ռուսաստանի կառավարությունից և Ռուսաստանի նախագահից։ Բանակցությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև խաղաղության բանակցությունների մեկնարկը նույնպես կախված է բացառապես նրա կամքից։ Սակայն նա համառորեն հրաժարվում է դա անել: Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, տեղեկացնում է APA-ն:
Մերցը նշել է, որ մինչև Ռուսաստանի նախագահը չփոխի այս դիրքորոշումը, այլընտրանք չկա, քան շարունակել աջակցել Ուկրաինային։
«Մենք դա կանենք և կգործենք մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված։ Ես նաև անկեղծորեն շնորհակալ եմ նախագահ Ալիևին այս պատերազմի բնույթի, պատճառների և ընթացքի, ինչպես նաև դրա հնարավոր արդյունքի գնահատման համար, ինչպես ես այստեղ նշել եմ»,-հավելել է Գերմանիայի կանցլերը:



