շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՔԿ՝ համերգասրահի տերերի դեմ հայտարարությամբ

«Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՔԿ՝ համերգասրահի տերերի դեմ հայտարարությամբ

Փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից տուժած 11 մարդկանց շահերը, հայտարարություն է ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտե՝ «Կրոկուսի» սեփականատերերի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, քանի որ մատուցվող ծառայություններն անվտանգ չեն եղել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Տրունովին։

Նրա խոսքով՝ հայտարարությունը տրվել է 11 տուժածների անունից, նրանց մեջ է նկարահանող խմբի ղեկավար Իվան Պոմորինը, խումբը պետք է ահաբեկչության օրը նկարահաներ «Պիկնիկի» համերգը, ինչպես նաեւ զոհվածների հարազատները։ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի անունով ներկայացված հայտարարությունում ասված է, որ «Կրոկուսի» տերերը կարող էին պատշաճ ձեւով զբաղված չլինել օբյեկտի հակահրդեհային պաշտպանությամբ։ Փաստաթղթում նշված է, որ համերգասրահի բեմի վարագույրն այրվել է մի քանի վայրկյանում, ինչը, պաշտպանության կարծիքով, կարող է վկայել հակահրդեհային նորմերի խախտման մասին. վարագույրը պետք է պատրաստված լիներ հրակայուն կտավից։

 

«Մի քանի վայրկյանի ընթացքում այրվել են հանդիսասրահի բազկաթոռները, մինչդեռ դրանք էլ պետք է պատրաստված լինեին հրակայուն նյութից»,- նշված է հայտարարությունում։ Հրշեջ եւ ծխահեռացման համակարգերը եւս ոչ աշխատանքային վիճակում են եղել։

Տրունովն ավելացրել է, որ ըստ վկաների՝ տարհանման ելքերն ահաբեկչության պահին փակ են եղել։

Ահաբեկչության ժամանակ հանցագործները հրդեհ են կազմակերպել՝ բենզին լցնելով, որը բերել են շշերով։ ՔԿ ղեկավար Բաստրիկինն ասել է, որ հրշեջ անվտանգության պահանջների հնարավոր խախտումը դառնալու է հետաքննության ուղղություններից մեկը։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության ժամանակ զոհվել է 144 մարդ, տուժել ավելի քան 550 հոգի։

  • Կիսվել: