Կոբախիձեն հնարավոր է համարել՝ երկրում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից պետական հեղաշրջում նախապատրաստելը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հնարավոր է համարել, որ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից երկիր պայթուցիկի ներմուծումը պետական հեղաշրջման նախապատրաստման մաս կարող է կազմել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Ինչ վերաբերում է երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ հայտարարված «հեղաշրջման» հետ հնարավոր կապի հարցին, տեսնում եք, որ ընդդիմությունը բացարձակապես հուսահատված է, այն թուլացած է և սա է հիմնական պատճառը։ Նման պահերին ցանկացած սադրանք հնարավոր է», - ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ այս հարցը հատուկ ուշադրություն է պահանջում և վստահություն է հայտնել, որ այն կհասցվի իր ավարտին։
«Ցանկացած նման փաստ պետք է ամբողջությամբ հետաքննվի և մենք պետք է պարզենք, թե ում է անհրաժեշտ մեր երկրում անկարգություններ բերելը», – ասել է վարչապետը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ավելի վաղ հայտնել է Ուկրաինայի երկու քաղաքացիների ձերբակալման մասին, որոնց մոտ հայտնաբերվել է 2.4 կգ հզոր հեքսոգեն պայթուցիկ նյութ։
Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz բեռնատարում, որը սեպտեմբերի 10-ին հատել էր Սարփիի սահմանային անցակետը։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ թաքստոցներում թաքցված հեքսոգենը Ուկրաինայից Վրաստան է տեղափոխվել Ռումինիայով, Բուլղարիայով և Թուրքիայով։
Գերատեսչության վարկածով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) պայթուցիկը տեղափոխում էր Թբիլիսի, թեև ձերբակալվածներից մեկը պնդում է, որ բեռը տանում էին Ռուսաստան՝ «Սարդոստայն» գործողությունը կրկնելու համար։ Վրացական կողմը մատնանշել է այդ իրադարձությունների հնարավոր կապը հոկտեմբերի 4-ի տեղական ընտրությունների հետ։ Ընդդիմության մի մասը բոյկոտում է քվեարկությունը և այդ օրը նախատեսում է մասշտաբային հանրահավաք անցկացնել Թբիլիսիում։


