չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում

Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանական արդյունաբերության և զենքի արտադրության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Կիևում կայացած համաժողովում, որին մասնակցել են բրիտանական շուրջ 30 պաշտպանական ընկերության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրողների ներկայացուցիչները՝ հաղորդել է Reuters-ը։ Ինչպես նշվում է, բրիտանացիները քննարկում են Ուկրաինայում պաշտպանական ոլորտի տեղական արտադրողների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։

Ըստ Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշի՝ Ուկրաինայի հետ ստորագրվում է առաջին նման միջկառավարական համաձայնագիրը: «Այսօր բրիտանական ընկերությունները համագործակցում են ուկրաինական ընկերությունների հետ և հնարավորություններ են փնտրում համատեղ ավելի շատ զենք արտադրելու համար»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Գրեգ Հանդսը հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը պաշտպանվող Ուկրաինային առավելություն կտա մարտի դաշտում, ինչպես նաև օգուտ կբերի նրա տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում։

  • Կիսվել: