չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Խոշոր հրդեհ Մոսկվայի հոսթելներից մեկում․ կան զոհեր

Խոշոր հրդեհ Մոսկվայի հոսթելներից մեկում․ կան զոհեր

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող հոսթելում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է մահացել, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Ճշտված տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի»,- ասել է աղբյուրը։

Ալմաթիի փողոցի տան առաջին հարկում գտնվող հանրակացարանում բռնկումը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Հրդեհը տարածվել է մոտ 150 քառակուսի մետր մակերեսով։ Զոհ է դարձել 8 մարդ՝ երեք ռուսաստանցի և հինգ մարդ Միջին Ասիայի երկրներից:

Նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր տեղի ունենալ անսարք էլեկտրական սարքավորումների պատճառով, ընդ որում, հանրակացարանում չի աշխատել հրշեջ ազդանշանը: Ինչպես հայտնել են ԱԻՆ-ից, մարդիկ մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով: ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Ռումյանցևի խոսքով՝ նրանց մահվան պատճառ է դարձել այն, որ պատուհաններին ճաղավանդակներ են տեղադրվել:

Մայրաքաղաքի դատախազությունը հրդեհի փաստով ստուգումներ է սկսել։ Արդեն պարզվել է, որ հանրակացարանում կոպտորեն խախտվել են հրդեհային անվտանգության պահանջները, իսկ դրա տիրոջը վարչական պատասխանատվության են ենթարկել:

  • Կիսվել: