Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլաh Ալի Խամենեին կասկածում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ե՛վ այն ժամանակ (Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք), և՛ հիմա, բանակցություններն ընթանում են միջնորդների միջոցով, բայց՝ առանց արդյունքի: Այժմ մենք չենք կարծում, որ դրանք որևէ արդյունքի կհանգեցնեն: Պարզ չէ՝ ինչ կլինի հետո»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Իսլամական Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Իրանից ուրանի հարստացման դադարեցումը պահանջելը մեծ սխալ է։
«Ցանկանում եմ հակառակ կողմին նախազգուշացում անել՝ ԱՄՆ ներկայացուցիչները, որոնք միջնորդների միջոցով մասնակցում են այս բանակցություններին, փորձեք անհեթեթություններ չխոսել: Իրանին ասել, որ թույլ չեք տա հարստացնել ուրան, մեծ սխալ է։ Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ: Հաջորդ անգամ ես Իրանի ժողովրդին կբացատրեմ, թե ինչու են նրանք (ամերիկացիներ) այդքան կենտրոնացած ուրանի հարստացման վրա, ինչու են Արևմուտքը, ԱՄՆ-ն և մյուսները այդքան համառորեն պնդում, որ հարստացման գործընթացը դադարեցվի Իրանում»,- ասել է Խամենեին։
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից և սահմանափակի իր միջուկային ծրագիրը։ Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, եթե պատժամիջոցները չեղարկվեն։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ երբեք չեն համաձայնի դադարեցնել միջուկային ծրագիրը, քանի որ խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը երաշխավորված է բոլոր երկրների համար, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Իսկ Թեհրանն առաջիններից է միացել պայմանագրին։