շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Կառլ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում

Կառլ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում

Կառլ III թագավորը չի տեղափոխվի Բուքինգհեմյան պալատ նույնիսկ այն բանից հետո, երբ հաջորդ տարի ավարտվի պալատի 10-ամյա վերակառուցումը. հայտնել են բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչները։

Այս որոշմամբ ավարտվում է գրեթե երկու դար շարունակված ավանդույթը, որի ընթացքում Լոնդոնի կենտրոնում գտնվող խորհրդանշական Բուքինգհեմյան պալատը ծառայել է որպես բրիտանական միապետի հիմնական նստավայր։

Կառլ III-ը որոշել է շարունակել բնակվել Քլարենս Հաուսում (Clarence House)՝ Լոնդոնում գտնվող իր երկարամյա նստավայրում, որը գտնվում է Բուքինգհեմյան պալատի հարևանությամբ։ Նա այնտեղ է տեղափոխվել այն ժամանակ, երբ սկսվել էր պալատի 369 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ լայնածավալ վերակառուցումը։

Բուքինգհեմյան պալատի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Նախագիծը ներառում է հնացած էլեկտրական ցանցի, ջրամատակարարման խողովակների և ջեռուցման համակարգի ամբողջական փոխարինումը։

Միաժամանակ պաշտոնապես հրապարակվել է նաև, որ 2024/25 ֆինանսական տարում Կառլ III-ը վճարել է 12,9 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 17,04 միլիոն դոլար) հարկ։ Սա առաջին դեպքն է, երբ հրապարակվում է թագավորի վճարած հարկերի չափը, ինչի արդյունքում նա դասվում է Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն հարկատուների շարքին։ Թագավորական ընտանիքը խոստացել է բարձրացնել իր ֆինանսների թափանցիկությունը՝ 2022 թվականին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո հնչող քննադատությունների ֆոնին։

  • Կիսվել: