երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կարևոր է շարունակել ուղիղ շփումները. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ Բայրամովին

Կարևոր է շարունակել ուղիղ շփումները. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ Բայրամովին

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների շուրջ։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջին երկկողմ հանդիպումը Թբիլիսիում (Վրաստան) և ընդգծել ուղիղ շփումների շարունակականության կարևորությունը։

Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղար Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն արձագանքել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին։

Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Նաև Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը։

  • Կիսվել: