Կարևոր է, որ մեր գործընկերներն արգելափակեն Ռուսաստան զենքի արտադրության համար կարևոր բաղադրիչների մատակարարման շղթաները. Զելենսկի
Բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը հարց կտա Ռուսաստանի կողմից իրականացվող հարվածների մասին: Այս մասին իր երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցը հիմնականում կուղղվի ամերիկյան կողմին, որը մեզ և Ռուսաստանին առաջարկել է ձեռնպահ մնալ հարվածներից։ Ուկրաինան պատրաստ է։ Մեզ պատերազմ պետք չէ»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Ռուսաստանի կողմից օգտագործվող բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները պարունակում են հազարավոր բաղադրիչներ, որոնք ինքը չի արտադրում։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող զենք արտադրել առանց արևմտյան բաղադրիչների։ Օրինակ, ըստ Զելենսկիի, յուրաքանչյուր Shahed անօդաչու թռչող սարք պարունակում է այլ երկրներից ներմուծված հարյուրավոր բաղադրիչներ, ոչ միայն Չինաստանից, այլև Ամերիկայից, Ճապոնիայից և եվրոպական երկրներից։
«Կարևոր է ոչ միայն մեզ համար՝ Ուկրաինայում, այլև ամբողջ համաշխարհային անվտանգության համար, որ մեր գործընկերներն արդյունավետորեն արգելափակեն Ռուսաստան զենքի արտադրության համար կարևոր բաղադրիչների մատակարարման շղթաները։ Եվ նաև, որ ընկերություններն իրենք ավելի լավ վերահսկեն, թե որտեղ են գնում իրենց բաղադրիչները։ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել առանց աշխարհի հետ նման կապերի. այն չի կարող ուժեղ լինել լիակատար մեկուսացման մեջ»,-նշել է ա:
Եզրափակելով խոսքը՝ Զելենսկին շեշտել է՝ ամեն ինչ կախված է աշխարհի վճռականությունից:


